Օրերս, այսպես կոչվող, «Ադրբեջանահայերի ասամբլեա» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հանդես եկավ բաց նամակ-հայտարարությամբ: Նամակում խոսելով «ադրբեջանահայ վտարանդի համայնքի» անունից, կազմակերպությունը դատապարտեց ադրբեջանահայ համայնքի ներքին գործերին «որոշ նախկին հայ գործիչների» միջամտելն ու փախստականների հիմնախնդիրը «հանուն սեփական մահացած քաղաքական կարիերայի վերակենդանացման» օգտագործելը: Հայտարարության հեղինակները վստահեցնում են, որ, բացի իրենցից, «Ադրբեջանահայերի մեկ այլ շարժում» գոյություն չունի, միակն ու լեգիտիմն իրենք են: Տարբեր որակումներով` «ինքնակոչ», «գրագող», համեմված հայտարարության սլաքն ուղղված է «Ադրբեջանահայության համագումարին», իսկ նպատակը վերջինիս գործունեությունը կասկածի տակ դնելն ու այն, իրենց իսկ խոսքով, ոչ լեգիտիմ հայտարարելն է:
Միանգամից ասենք, որ տարածված հայտարարությունից լավ «հոտ» չի գալիս: Ավելին, նշմարելի է ադրբեջանահայության միասնական ճակատի մեջ սեպ խրելու վտանգավոր միտումը:
«Ադրբեջանահայության համագումարը», որ ստեղծվել է ընդամենը մեկ տարի առաջ, այսօր բավականին ակտիվ գործունեություն է իրականացնում: Ինչպես հայտնի է, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում թույլ տրված լրջագույն բացթողումներից մեկը հայ փախստականների հիմնախնդրի անտեսումն է: Փորձելով լրացնել հայկական դիվանագիտության «պասիվության» պատճառով թույլ տրված բացը, «Ադրբեջանահայության համագումարը» հանդես է գալիս միջազգային կազմակերպություններին ուղղված բազմաթիվ հայտարարություններով, հրավիրվում են համագումարներ: Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ համանախագահող երկրներին ուղղված հայտարարության մեջ, խոսելով փախստականների հայրենադարձության իրավունքի մասին, համագումարը գերտերություններին հիշեցրեց, որ ժողովուրդների իրավունքները վեր են կառավարությունների շահերից: Իսկ ՄԱԿ-ի և շահագրգիռ այլ միջազգային համապատասխան կառույցներից պահանջեց լուրջ և համակողմանի հետաքննություն իրականացնել հայ փախստականների նկատմամբ կատարված հանցագործությունների փաստերի և հանգամանքների շուրջ:
Եվ այսօր, երբ «Ադրբեջանահայության համագումարը» փորձում է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Արևելյան Անդրկովկասի բնիկ ժողովրդի` հայերի ոտնահարված իրավունքների վրա, հայության դեմ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության, տեղահանության փաստերին, հանկարծ շրջանառության մեջ է դրվում մի հայտարարություն, որի բովանդակությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Սա փաստում է, որ ադրբեջանահայության համախմբումն ու տարածաշրջանում ի նպաստ հայության հզոր քաղաքական գործոն դառնալուն միտված ադրբեջանահայերի ջանքերը դուրս են թե՛ արտաքին, թե՛ ներքին որոշ ուժերի սցենարներից: Հետևապես, փորձ է արվում նման էժանագին հայտարարություններով ոչ միայն ստվերել, այլև խոչընդոտել վերջինիս օրեցօր ակտիվացող գործունեությունը: Սակայն մի բան հստակ է. ի հեճուկս դրսի ու ներսի սադրիչների, Արևելյան Անդրկովկասի հայերը (իմա` ադրբեջանահայությունը), համա-խմբված լինելով «ադրբեջանահայության համագումարի» շուրջը, վճռական են իրենց պայքարը շարունակելու գործում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ